Կանայք՝ մեր այսօրվա իրականության մասին՝ որպես քաղաքացի և որպես մասնագետ

Այլընտրանքային նախագծեր խմբի երեկվա քննարկումը կրում էր «Կանայք պատմական այս դժվար փուլում» խորագիրը։ Քննարկումն ամենևին կանանց իրավունքների մասին չէր, թեև պատերազմից հետո բոլորի, և հատկապես կանանց կյանքը փոխվել է։ Քննարկումը մեր իրականության մասին էր։

Մեր բանախոսները կին գործիչներ էին, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց ոլորտում կատարել և կատարում են լուրջ աշխատանք, լավ քաղաքացիներ են և երբեք չեն թաքնվել հեշտի կամ կոմֆորտի միջավայրում, անտարբեր չեն երկրում ընթացող պրոցեսների հանդեպ, անտարբեր չեն մեր պետության ճակատագրի հանդեպ։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև ցավոք շատերն անում են ճիշտ հակառակը, խորապես անտարբեր են մեր երկրում և մեր երկրի շուրջ ընթացող պրոցեսների հանդեպ։

Մեր երկրի ներքին և արտաքին խնդիրների, հանրության տրամադրությունների և մեր անելիքների վերաբերյալ երեկ գնահատականներ և լուծումներ են տվել կանայք, ովքեր ունեն կարևոր դերակատարում մեր երկիրն այս ռիսկային իրավիճակից հանելու գործում, և ում մեր խումբը երախտապարտ է՝ Արմինե Օհանյան, Ձյունիկ Աղաջանյան, Իվետա Տոնոյան, Աննա Կոստանյան, Լիլիթ Թումանյան, Արմինե Պետրոսյան։ Մեր բանախոսները այն մեծ ռեսուրսի մի մասն են, ում գործուն մասնակցությամբ մենք կարող ենք վերականգնել երկիրը, դուրս գալ հետպատերազմյան մղձավանջից և կառուցել լուրջ ժամանակակից պետություն։

Մեր բանախոսները, անկախ տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներից և դիրքորոշումներից, անկախ կուսակցական պատկանելությունից կամ անկուսակցական լինելուց, անկախ քաղաքական հայացքներից, մեզ համար մեկ թիմի անդամներ են՝ Հայաստանում ապրել ցանկացողների թիմի անդամներ։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով