Դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

Արցախի անկախության 30-ամյակը և պետականության կորստի միամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։

Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։ 

Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս» ժամկետով։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ 30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է՝ մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնելու պետականությունը, մտնելու անկախության 31-րդ տարին։

Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում դա անել, պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ, և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի, ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։

 Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումների։

 Եվ պետք է ունենալ խիզախություն և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշություններն Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։

Այս պայմաններում չգիտես՝ որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես՝ որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում, մեծ հաշվով, չկա իշխանություն. կա մեկ մարդ, որի հետ քննարկելու բան չկա, և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելն անիմաստ է։

 Նույն վիճակն Արցախում է, չգիտես՝ կա՞ մի ինքնուրույն մարդ, որի հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։

Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր ազդեցիկ, աշխատունակ կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։

Հետևաբար՝ դառնում է շատ լուրջ խնդիր՝ ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։ 

Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։

 Ուզու՞մ ենք պահել Արցախը, ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։

Ուզու՞մ ենք ունենալ Հայաստան, ուրեմն պետք է սկսել շատ ավելի լուրջ պետության կառուցումը։

 Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհն անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։ Ուրեմն՝ յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները՝ չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործընթացը մի օր սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում չաշխատեր՝ աղետի բերող սխալների շարանը կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր, որ պատերազմից հաշվված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու, Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։ Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունն արդեն ուներ որոշում՝ աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։

Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարհընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։ 

Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։

Շատ քչերն ունեն խիզախություն՝ ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին, ստացվում է, մենք ենք։

https://t.me/vahehovhannisyan/21

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով