Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում

Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները.


Աննա Գրիգորյան. ՀՀ ԱԺ պատգամավոր

Վերջին օրերին ես տեսնում եմ, որ մարդիկ ավելի մեծ թափով են աջակցում շարժմանը, եթե նախկինում չնայած նրան, որ մեքենայի ազդանշանների տեսքով մարդիկ աջակցում էին, այնուամենայնիվ կար որոշակի պասիվություն։ Հիմա աջակցության ծավալները, իսկապես մեծացել են,որոշ դեպքերում մարդիկ նույնիսկ դուրս են գալիս աշխատանքի վայրից և միանում քայլերթին։ Երբ հանրությունը այսքան բաժանված է, երբ մարդիկ բաժանված են սևերի և սպիտակների, շատ դժվար է գտնել հանրության բոլոր շերտերի համար ընկալելի գործչի։ Եթե նկատել եք, մենք անում ենք ամեն ինչ, որ հարթակում հնարավորինս քիչ լինեն քաղաքական կերպարները։ Շատ են արվեստագետները, մշակութային գործիչները, ուսանողները:
Երբ այստեղ միջնորդի մասին էին խոսում և նախագահի անուն էին տալիս՝ ես զարմացա։ Այսքան օրերի ընդացքում ես առաջին անգամ եմ իր անունը լսում, որովհետև մենք մոռացել ենք, որ նման մարդ գոյություն ունի։ Երբ նույնիսկ անցնում ենք Բաղրամյան 26-ի կողքով, հարկ էլ չենք համարում կանգնել և ինչ որ բան ասել, որովհետև նա ընդամենը՝ ՔՊ-ի պատգամավորներից մեկն է, նրանք նույն հարթության վրա են։

Օգտվելով հնարավորությունից կոչ կանեմ․ խնդրում եմ Ժողովուրդ ջան, եկեք միասնաբար պայքարենք։Մարդիկ իրենց տեսակետն են ասում։ Երեկ չէ առաջին օրը վրաններից մեկից ասացին, որ սա ապաքաղաքական վրան է և իրենք ոչ մեկի չեն վստահում։ Ես ասացի ձեր ցավն էլ տանեմ, կարևորը գիտեք, թե ինչի համար եք պայքարում։


Արման Աբովյան. ԲՀԿ փոխնախագահ

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է և առհասարակա ճգնաժամ է նաև տնտեսական և սոցիալական առումով։ Այսօրվա ճգնաժամը սկսվել է վաղուց և ներկայիս «Դիմադրության» շարժումն ընդգծել է այն, ինչի մասին խոսում է այսօր ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացված չլինելը։Ներկայացված չեն մի պարզ պատճառով, քանի որ ընտրել են քաղաքական պայքարի մեկ այլ ձևաչափ, բայց փաստը մնում է փաստ, որ եթե երկրի խորհրդարանում ֆիզիկապես ներկայացված չէ ընդդիմությունը, ապա այն գտնվում է շատ տարօրինակ և տարակուսելի իրավիճակում, և քաքաղաքական ճգնաժամի առաջին ցուցիչն է։
Զարգացած երկրներում կա նման իրավիճակներից դուրս գալու փորձ և մեթոդ։ Հարթակ են գալիս վստահություն վայելող քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք պետք է ընդունելի լինեն թե´ երկու կողմերի, թե´ հասարակության լայն շերտերի կողմից։ Միջնորդի խնդիրը հակամարտող երկու կողմերի միջև ընդհանուր եզրեր գտնելն ու ընդհանուր սեղանի շուրջ նստեցնելն է։
Այդ ամենից հետո գծվում է ճանապարհային քարտեզ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, որն ըստ գործընթացների տրամաբանության, կարող է լինել նոր ԱԺ ընտրությունները կամ կառավարության ձևավորումը։ Եթե ես այս պահին միջնորդի անուն տամ, ապա արագորեն վերջինիս առաքելությունը կավարտվի և չի լինի միջնորդ, իսկ նա հարց լուծող չէ, այլ բոլորի կողմից ընդունված անձ կամ ուժ է։
Եթե իրավիճակը արագ չհանգուցալուծվի, կլինեն շատ բացասական արտաքին զարգացումներ։ Սակայն արտաքին անբարենպաստ իրավիճակը չպետք է կապել ընդդիմության հետ։ Հավատացնում եմ, եթե թուրքը որոշի վրա տալ, ապա ո´չ ընդդիմությանը կնայի, ո´չ իշխանությանը։

Ստեփան Դանիելյան. քաղաքագետ

Սկսած 2018 թվականից մենք այս իշխանության կողմից ադեկվատություն չենք տեսել, և հենց այդ ադեկվատության իսպառ բացակայության պատճառով էր, որ պատերազմը տեղի ունեցավ։Չգիտեմ այն տգիտության, թե հոգեկան խանգարվախության արդյունք էր, թե հստակ դրված առաջադրանքի կատարում, բայց մի բան ակնհայտ է՝ արվեց հնարավորն ու անհնարը, պատկերացնելին ու անպատկերացնելին, որպեսզի պատերազմը տեղի ունենա և մենք ունենանք այն ողբերգական հետևանքը, որն այսօր կա։ Այսօր էլ նման ոչ ադեկվատ քայլերը շարունակվում են, այդ պատճառով ես կդժվարանամ գնահատել իշխանության ադեկվատությունը։
Ընդդիմությունը չպետք է վեր կանգնի քննադատությունից, այլ պետք է հանդուրժի այն, որը ոչ թե նրա նկատմամբ ժողովրդի վստահության նվազեցմանն է ուղղված, այլ ընդհակառակը՝ ավելացմանը։
Միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի և իր դեմ հակամարտոող արևմուտքի, պահանջում են , որ Հայաստանը Ադրբեջանի հետ գնա որոշակի պայմանավորվածության՝ սահմանազատման, սահմանագծման և պայմանագրի կնքման։ Արևմուտքն իր ծրագիրն ունի՝ Արցախի հարցի վերջնական լուծում և այնտեղից Ռուսաստանի հեռացում, Ռուսաստանին պետք է, որ այդ կոնֆլիկտը միշտ լինի, որպեսզի նա զորք պահի Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ իր բոլոր պահանջները ռազմական գործողություններով է կատարում։
Ընդդիմությունը ի՞նչ խնդիր է ուզում լուծել։ Առաջին սցենարով ուզում է խանգարի, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքի, մյուս սցենարով ցանկանում է իշխանափոխությամբ ժամանակ ձգել՝ ասելով, որ իշխանության խնդիր է լուծում և սպասի մինչև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը, իսկ երրորդ սցենարով ընդդիմությանն ասում է՝ իշխանություն հեռացիր, ես գալում եմ իշխանության և Վերին Շորժան, Սև լիճը չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում, որոնք նրանք պահանջում են և Արցախն էլ չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում։
Ընդդիմությունը հստակ պետք է ասի, թե որ սցենարն է ինքն ընտրել և վերցնի ամբողջական պատասխանատվություն դրա համար։


Արամ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով