Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները.

Գառնիկ Գևորգյան. քաղաքական վերլուծաբան

Հասարակությունը տենչում է պոպուլիզմ, և այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Կերակրելու ենք հասարակությանը պոպուլիզմո՞վ։ Եթե մեր խնդիրն է՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, ապա դա հեշտ լուծելի խնդիր է։ Սակայն այդ պարագայում առկա խնդիրները, որևէ պարագայում չեն լուծվի։
Հասարակությունը չի փնտրում առաջնորդի, նա ավելի շուտ փնտրում է առաջնորդություն։ Այն պահից, երբ հասարակությունը կտեսնի այդ առաջնորդությունը, հստակ ծրագրով ու գաղափարներով՝ մենք կունենանք փոփոխություն։
Հանրությունը միանգամայն ունակ է կառավարության ներկայիս ղեկավարի փոխարինող գտնել։ Սակայն խնդրի էությունը դա չի լուծի։ Պետք է վերացնել այն պատճառը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։ Այսինքն՝ քաղաքական մեխանիզմն էպատաժի ձևաչափից պետք է անցնի մի ձևաչափի, որը գաղափարի, գաղափարախոսության, ծրագրի առկայություն է ենթադրում։

Ռոբերտ Հայրապետյան. իրավաբան, հանրային գործիչ

ՀՀ քննչական մարմինները լիակատար աջակցություն են ցուցաբերում գործող իշխանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ամեն ինչ անում է՝ գործող վարչապետի իշխանությունը պաշտպանելու համար։ 2018 թվականից սկսած՝ բազմաթիվ ակցիաներ են իրականացվել, սակայն այսչափ ընդգծված ատելություն ոստիկանությունը, երբեք չի ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա է։
Ակցիաներ իրականացնելու՝ անխտիր բոլոր փորձերն անմիջապես կանխվում են ոստիկանների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը ոստիկանությունն է։
Ես վստահ չեմ, որ սահուն կամ առանց ցնցումների կարող են լինել փոփոխություններ, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, պայքարի դուրս եկած մտահոգ քաղաքացիները փորձեն իրական, այլ ոչ թե՝ 2018-ի սիրո և հանդուրժողականության կոչեր անեն, միևնույն է, դու չես կարող այդ կոչերը ամբողջապես իրականացնել, որովհետև դու պայքարում ես մեկի դեմ, ով բացարձակապես գաղափար չունի, թե ինչ ասել է հանդուրժողականություն, ինչ ասել է սեր։ Մենք հասել ենք հանգուցային կետի, որտեղ այլևս կորցնելու բան չունենք, եթե մենք հիմա ասենք՝ չենք գնում պայքարի, քանի որ այն կարող է լարվածություն առաջացնել կամ քանի որ այդ պայքարի արդյունքում կարող է այս լինի, այն լինի, մենք այս իշխանության օրոք չենք հաջողի։ Մենք պիտի բոլոր հնարավոր քայլերն ու միջոցները ձեռնարկենք վերջնարդյունքի հասնելու համար։

Ավետիք Իշխանյան. իրավապաշտպան, հանրային գործիչ

Ես չգիտեմ՝ երկու-երեք տարուց Հայաստան կլինի՞, թե՞ մենք Փարիզի ինչ որ «Արաքս» սրճարանում կխոսենք մեր սխալների մասին՝ համենայնդեպս նրանք, ովքեր կհասցնեն արտագաղթել։ Այս մղձավանջը շարունակվում է 2020 թվականից և չի ավարտվում։ Մենք արեցինք այն, ինչ չէր անի ոչ մի հասարակություն՝ ընտրեցինք պարտված ղեկավարի։ Չնայած, ի տարբերություն ընդդիմության, ես կարծում եմ, որ իշխանությունը չի հավաքել այնքան ձայն, որքան արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ Իշխանությունը, ունենալով այնպիսի գործիքներ, ինչպիսին է Ջհանգիրյանը, կարող էր շատ հանգիստ կեղծել ընտրությունները։ Վարչապետ կոչեցյալը չէր գնա ընտրություն, եթե վստահ չլիներ իր հաղթանակի վրա։ Հենց այստեղ էր ընդդիմության սխալը։
Հնարավոր իշխանափոխության մեջ մի վտանգ կա. առհասարակ 19-րդ դարից սկսած ունեցել է երկու ծայրահեղ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ։ Այդ վերաբերմունքը եղել է կամ թշնամական, կամ՝ չափից դուրս քծնողական։ Մի դեպքում դու դառնում ես մանրադրամ, որը կարող են օգտագործել սեփական շահերի համար, մյուս տարբերակում քեզ կարող են ոչնչացնել։ Երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։ Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի դեմ թշնամանալու արդյունքում։ Ես շատ անհանգստանում եմ, որ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք կունենանք մյուս ծայրահեղությունը։ Դա նույնպես շատ վտանգավոր է, որովհետև Ռուսաստանը բոլոր հարցերում կգործի ի շահ մեր հակառակորդների. «куда мы денемся»: Ես կուզեմ, որ ընդդիմության շարքերում այս հարցերը քննարկվեն, և մենք ունենանք վստահելի գործընկերոջ կարգավիճակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Եթե կա Հայաստանի Հանրապետությունն այսօր, դա եղել է մի մարդու շնորհիվ՝ Արամ Մանուկյանի, որը դեմ դուրս եկավ ժողովրդի մեծամասնությանը և փրկեց այդ մեծամասնությանը։ Այսօր ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե մեծամասնություն ունենալու մասին, վարչապետ կոչեցյալն էլ չունի այդ մեծամասնությունը։ Ընդդիմությունը պետք է մտածի հստակ ծրագիր ունենալու և այդ փոքրամասնությամբ իշխանություն փոխելու մասին։ Փոքրամասնությունը պետք է փրկի մեծամասնությանը։

Կարեն Քոչարյան. քաղտեխնոլոգ

Հայաստանում պետք է գա իշխանություն, որը պիտի կարողանա ասել՝ այսինչ բանը «չի կարելի ոչ մեկին»։ Եթե չի կարելի շենքի վրա ինչ-որ բան կառուցել կամ առաջ տանել, ուրեմն չի կարելի ոչ մեկին։ Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան օրենքի գերակայությունը։ Այդ դեպքում չեն փնտրի լիդեր, այդ դեպքում կսկսի գործել մեխանիզմը, համակարգը։
Եկեք անկեղծ լինենք, 2018-ին բոլորս էինք փոփոխություններ ցանկանում։ Այսօր հաճախ միտք է հնչում, որ ժողվուրդը պիտի հասկանա, որ սխալվել է։ Ոչ։ Հայ ժողովուդը պետք է հասկանա, որ ոչ թե սխալվել, այլ խաբվել է։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել։ Գլխավորն այն է, որ մարդիկ իրոք հասկանան, որ իրենց խաբել են։
Իշխանության ստերը բազմաթիվ են։ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված բազմաթիվ խոստումներ պարզապես չիրականցվեցին։ Հայտարարում էին, որ ամեն ինչ արվելու է թափանցիկ։ Սակայն վերջին նիստին կառավարության քննարկմանը ներկայացված 75 հարցից 73-ը քննարկվեց դռնփակ։ Ընդ որում, մրցույթների և պետական գնումների զգալի մասը կատարվում է մեկ անձի կողմից։

Շաքե Իսայան. ԲՀԿ անդամ

Նախ, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, պետք է վերլուծենք և հասկանանք, թե ի´նչ իրավիճակում ենք մենք հայտնվել։ Երբ հետ ենք նայում, հասկանում ենք մի պարզ ճշմարտություն․այն ամենը, ինչում մենք կանք, մի շարք գործոնների հետևանքն է՝ պատերազմ, պարտություն, ազգային վիրավորվածություն, իշխանությունների կոպիտ սխալներ, կենսամակարդակի անկում և որ ամենաքայքայիչն է՝ անորոշություն։ Եվ փոխանակ այս անորոշության գիտակցմանն օր առաջ լուծումներ տրվեն, իմ խորին համոզմամբ, այն ավելի խորանում է։
Պետք է գիտակցել, որ այսօր ոչ միայն մեր երկրի ներսում, այլև մեր երկրի շուրջ են պրոցեսներ տեղի ունենում։ Աշխարհը, կարծես, անորոշության ու կոնֆլիկտային փուլի մեջ է։ Եվ պետք է անել ամեն բան, որ մեր երկրի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսները որևէ փուլում հանկարծ չհակադրվեն։
Ինչ ունենք մենք այսօր։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Ամեն օր տեսնում ենք, որ մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի է վատանում, որ արտահերթ ընտրություններից հետո ցասումն է´լ ավելի է ուժգնանում։ Բայց ես կարծում եմ, որ այսպիսի լուրջ մարտահրավերները կարողանալու են պատվով հաղթահարել այն պետությունները, որոնք ունակ են սառը գլխով հաշվարկ անել։
Քաղաքացիների հետ շփումներից հետո պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն պրոցեսից հետո ինչ է առաջարկվելու իրենց՝ միայն իշխանափոխությու՞ն, թե վերը նշված բոլոր խնդիրների լուծումներ։

 

Արամ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Այս թեմայով