Հինգ քայլ դեպի փոփոխություն

Ինչպես կոտրել նախորդ տարվա ոչ հաջող իներցիան և ինչպես ավարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգվածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմյանց հետ ու զրկել հեռանկարից։ Եվ մենք չենք կարողանում փոխել վիճակը։

Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը

«Նոր Հայաստանի և նրա կառավարիչների» էջի փակումն ավելի արագ և սահուն կստացվի, եթե հստակ ձևակերպենք հաջորդ իշխանության խնդիրները և բովանդակությունը։ Հայաստանի նոր իշխանության թեման պետք է ինտենսիվ քննարկվի լայն հասարակության հետ՝ բոլոր ընտրազանգվածների։ Ինչպիսի՞ն պետք է լինի նոր իշխանության առաքելությունը, լուծելիք խնդիրները, իշխանության որակը, ժամկետները. այս բոլոր կետերի շուրջ պետք է սկսենք խոսել հանրության հետ։ Դա թույլ կտա կոտրել մարդկանց ներսում առկա ինտուիտիվ վախերը և ավելի հեշտ գնալ փոփոխությունների։

Կուլիսներում արդեն լուծում չկա։ Ինչպես ցույց է տալիս կյանքը, հայկական կուլիսները մեծամասամբ խարդավանքային որակների են, անհասկանալի կապերով ու շահերով։ Խմբերն ու անհատները շատ արագ կորում են կուլիսային իրենց ինտրիգներում, ու որևէ պրոցես այնտեղ հաջողության չի հասնում։ Այնպես որ պետք է դուրս գալ կուլիսներից. նոր իշխանության թեման և պրոցեսը պետք է առավելագույնս հանրայնացվի։ Թաքցնելու ոչինչ այլևս չկա։
Ընտրողին, հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը պետք է հասցնել մեկ պարզ ճշմարտություն. հաջորդ իշխանությունը գրեթե զրոյից պետք է կառուցի նոր պետություն։ Այլ իլյուզիաներ չպետք է ունենալ։ Հայաստանի հաջորդ իշխանությունը ունի սուր խնդիրներ.

- Ներհայաստանյան օրակարգ՝ նոր մթնոլորտ երկրում, նոր բարքեր-խաղի նոր կանոններ, պետական ինստիտուտների վերակենդանացում-բարեփոխում, տնտեսության աճ։
- Հարևանների, դաշնակիցների և մյուս ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունների և ձևաչափերի հստակեցում ՝ վստահության, փոխշահավետության և երկարատևության հենքի վրա։
- Փակել Սյունիքի թեման և հարցը հանել օրակարգից
- Կասեցնել Արցախի հայաթափումը
- Հայկական աշխարհի կոնսոլիդացիա, հետպատերազմյան օրակարգ

Հաջորդ իշխանության անելիքը ճիշտ ձևակերպելը շատ կարևոր է հաջորդ իշխանության թիմերը կոնսոլիդացնելու համար։ Սա բեկումնային պահ է։ Քանի սա չի արվել, հաջողություն չի լինելու։ Քանի դա չի արվել, Նիկոլն ունի շանսեր՝ հասարակությանը հերթական անգամ բարիկադավորելու, մթնոլորտը լարելու, խաբելու և վերջնահաշվարկում՝ պետությունը նոր վթարների ենթարկելու համար։
Հանրության մեջ կա խորը տարածված սխալ կարծիք՝ հաջորդ իշխանության անելիքների վերաբերյալ։ Մի մասը կարծում է, թե կչեղարկվեն նոյեմբերի 9-ի և մյուս համաձայնությունները, մի մասն ունի մտավախություն, որ կլինի պատերազմ, այլոք վստահ են, որ Շուշին ու Հադրութն արագ կվերադարձվեն, ավելի լայն զանգվածները պատկերացնում են, որ վերականգնվելու է ընտրությունների «10 հազար դրամանոց» համակարգը, վերադառնալու են բոլորին հոգնեցրած ու մերժված բարքերը, վերադառնալու է վարկաբեկված պաշտոնյաների ցանկը, կամ՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչները բոլորը հայտնվելու են բանտերում։ Հասարակությանը պետք է ուղիղ ասվի՝ ոչ մի միջազգային համաձայնություն չի չեղարկվելու (դա հնարավոր չէ), Շուշի չի վերադարձվելու (տեսանելի ապագայում դա հնարավոր չէ), ընտրություններ չեն կեղծվելու, ամենաթողություն ու տոտալ անարդարություն չի լինելու, ոչ ոք իշխանության մեջ լինելու համար բանտում չի հայտնվելու և այլն։ Հասարակությանը պետք է ուղիղ ասել՝ հաջորդ իշխանությունը պետք է գրեթե զրոյից սկսի պետության կառուցումը՝ բարքերից, անվտանգության համակարգերից մինչև տնտեսություն։ Ավերածություններն այնքան շատ են ու այնքան խորը, որ բոլոր ունակ մարդկանց, բոլոր սերունդների միասնական աշխատանքի կարիքն է լինելու։ Սրա մասին նույնպես պետք է պարզ ասվի։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով